38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ես չեմ ուզում ուրիշներից լավ ապրել»

«Ես չեմ ուզում  ուրիշներից լավ ապրել»
22.02.2013 | 12:57

Մեծ արվեստագետ, փիլիսոփա, բժիշկ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր ԱԼԲԵՐՏ ՇՎԱՅՑԵՐԸ ծնվել է, ինչպես ինքն էր ասում, «մարդկության հոգևոր անկման ժամանակաշրջանում»։ Դա 1875 թվականն էր։ Ալբերտը ծնվել է Էլզասում, քահանայի ընտանիքում։ Նրա պապը Մյուլբախ քաղաքի քահանան էր, նվագում էր երգեհոն, զբաղվում երգեհոնաշինությամբ։

Մանկուց Ալբերտն էլ սովորել էր երգեհոն նվագել։ Նա մերթ ընդ մերթ հնչեցնում էր Մյուլհաուզենի եկեղեցու երգեհոնը, որի ստեղներին ժամանակին դիպել էին Սեբաստիան Բախի մատները։ Բախին նվիրված իր հիմնարար մենագրության նախաբանում երաժշտագետը գրել է. «Ես տասը տարեկան էի, երբ ծանոթացա Բախի խորալային պրելյուդներին։ Էլզասի Մյուլհաուզեն քաղաքի Ս. Ստեփանոս եկեղեցու երգեհոնահար Էուգեն Մյունխը շաբաթ երեկոները ինձ տանում էր եկեղեցի... Խորին հուզմունքով ես լսում էի մութ եկեղեցում անհետացող վալկերյան հին, սքանչելի երգահանի խորհրդավոր հնչյունները, երբ գրում էր խորալային պրելյուդների մասին գլուխը... Ինձ բախտ է վիճակվել 13 տարի օգնելու եղբորս` պրոֆեսոր Էռնստ Մյունխին Ստրասբուրգի եկեղեցում կատարելու Բախի գործերը։ Նրա ղեկավարությամբ նվագակցել եմ 60 կանտատ։ Եվ Բախի վոկալ գործերի մասին գլուխը մեր ժամանակի բախյան լավագույն դիրիժորներից մեկի հետ համագործակցության արդյունքն է»:
Շվայցերն իր արվեստը կատարելագործել է Փարիզում` Շառլ Վիդորի ղեկավարությամբ։
1893 թվականից ուսումնասիրել է փիլիսոփայություն Ստրասբուրգի, Փարիզի և Բեռլինի համալսարաններում։ 1899 թ. քահանա է եղել Ստրասբուրգում, իսկ 1902-ից մինչև 1905 թվականը դասավանդել է և ղեկավարել Ստրասբուրգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։
Շվայցերը ստեղծել է արվեստի իր ուրույն տեսությունը, որը շարադրված է հիշյալ մենագրությունում։
Այսպես, ըստ Շվայցերի, արվեստը գաղափարների գեղագիտական ասոցիացիայի, այսինքն` զուգորդության փոխանցում է։ «Որքան բազմազան, ինտենսիվորեն, լարվածաբար է արվեստագետն իր ստեղծագործությունների միջոցով փոխանցում գիտակցական և ենթագիտակցական պատկերացումները և գաղափարները, այնքան զորեղ է արվեստի ներգործությունը։ Տվյալ դեպքում այն մարդկանց գրավում է երևակայությամբ լի կենդանի ընկալումով, որը, ի տարբերություն սովորական տեսողական, լսողական ընկալումի և ապրումի, մենք անվանում ենք արվեստ» (նշված գործ, էջ 329)։
Արվեստի տեսակները Շվայցերն առանձնացնում է ըստ այն նյութերի, որոնց միջոցով նրանք գեղարվեստորեն արտացոլում են աշխարհը։
«Երաժիշտ ենք անվանում նրան,- գրում է Շվայցերը,- ով արտահայտվում է հնչյունների միջոցով, գեղանկարիչը նա է, ով օգտվում է ներկերից, բանաստեղծը` խոսքերից։ Իրականում նյութը, որ գործածում են, երկրորդական մի բան է։ Արվեստագետը ոչ միայն գեղանկարիչ է, կամ միայն բանաստեղծ, կամ միայն երաժիշտ, այլ այս բոլորը միասին։ Նրա հոգում ապրում են և՛ գեղանկարիչը, և՛ բանաստեղծը, և՛ երաժիշտը։ Նրա արվեստը հիմնված է դրանց համագործակցության վրա։ Նրա յուրաքանչյուր մտքում առկա են դրանք բոլորը միասին։ Տարբերությունը միայն այն է, որ մեկի մոտ գերիշխում է մի արվեստագետը, երկրորդի մոտ` այդ արվեստագետներից մյուսը, և որ ամեն անգամ նրանք ընտրում են այն լեզուն, որն իրենց համար ավելի սովորական է։ Սակայն լինում է նաև այնպես, որ «մյուս (ներքին) արվեստագետը» և «մյուս լեզվի» հնարավորություններն այնքան պարզ են գիտակցվում, որ անհատը, ասես, երկատվում է, չիմանալով, թե արվեստի որ տեսակն է անհրաժեշտ ընտրել» (անդ, էջ 323-324)։ Շվայցերն օրինակ է բերում Գյոթեին, որը չգիտեր ինչն ընտրել` գեղանկարչությո՞ւնը, թե՞ պոեզիան։ Այնուհետև երաժշտագետն անդրադառնում է մի շարք արվեստագետների, բնութագրելով նրանց ըստ իրենց հակումների։ Օրինակ, Շիլլերին և Լամարթինին նա համարում է երաժիշտ-բանաստեղծներ։ Ֆրիդրիխ Նիցշեի երաժշտական համեստ կարողությունները, այնուամենայնիվ, ստիպում են Շվայցերին Նիցշեի գրական գործերը համարել սիմֆոնիաներ։ Ինքը` Նիցշեն, Վագների մասին գրել է, թե նա որպես երաժիշտ-գեղանկարիչ, որպես պոետ-երաժիշտ, որպես արվեստագետ, նախ և առաջ դերասան է։ Բեթհովենին և Վագներին Շվայցերը համարում է ավելի շատ պոետ, քան երաժիշտ, իսկ Բախին և Բեռլիոզին` գեղանկարիչ։ Վագները ևս Բեթհովենին դասել է պոետների շարքը։
«Բանաստեղծական և գեղանկարչական երաժշտություն» գլուխը Շվայցերն ավարտում է հետևյալ խորհրդածություններով։ Նկատի ունենալով հետբեթհովենյան կոմպոզիտորներին, մասնավորապես Շուբերտին, Վագներին, Բեռլիոզին, նա գրում է. «Կոմպոզիտորները հետևում են բանաստեղծական տեքստի ամենայն մանրամասներին և այսպիսով մնում բանաստեղծական երաժշտության հունի մեջ։ Սակայն բուն գեղանկարչական երաժշտությունը սահմանափակվում է, դրոշմելով մի զգացմունք կամ գործողություն, որն այն կորզում է տեքստի մի բնահատուկ պահից, փոխանցում նրա գեղանկարչական հատկությունները, պատկերում դա այնպես, ինչպես այն գոյություն ունի անկախ նախորդ կամ հաջորդ դրվագներից։ Այդպես է վարվում Բախը։ Նա գեղանկարչական երաժշտության ամենահետևողական ներկայացուցիչն է, Վագների իսկական հակապատկերը։ Սրանք երկու բևեռներ են, որոնց միջև գտնվում է ամբողջ բնահատուկ երաժշտությունը» (անդ, էջ 336)։
Ավելացնենք նաև հետվագներյան շրջանի կոմպոզիտորներին` Դեբյուսիին, Ռավելին, Միկալոյուս Չյուրլյոնիսին։
Առհասարակ, ռոմանտիկ և իմպրեսիոնիստական երաժշտությունը խիստ հագեցած է պոետիկ և գեղանկարչական զուգորդումներով, սակայն խոսքն այստեղ արվեստների համատեղ, շատ թե քիչ հավասարազոր դրսևորումների մասին է։ Այսպիսի սինթեզի հատկապես ձգտում էր Չյուրլյոնիսը։ Հիշենք նրա դաշնամուրային «բնապատկերները», «Արևի սոնատը, Սկերցո», «Աստղերի սոնատը, Ալլեգրո» նկարները, «բանաստեղծություն-նկարները»։ Նման սինթեզի հանճարեղ նմուշներ ստեղծվել են դեռ միջնադարում։ Նկատի ունենք չինական, ճապոնական գեղագրության արվեստը, հայկական մանրանկարչությունը։ Կարելի է նշել նաև հայրենի բնաշխարհը արտացոլող Կոմիտասի խմբերգերը, որոնք հեղինակը բնորոշում էր որպես «ձայնանկարներ»։
Արվեստների նման սինթեզը կարելի է բնութագրել նաև Ժակ Պրևերի հայտնի բառախաղով. «գեղաժշտություն» և «երաժնկարչություն»...
Ըստ Շվայցերի, Բախին նվիրված աշխատությունը գրելու նպատակն էր երաժիշտներին մղել խորհրդածելու Բախի արվեստի էության և ոգու մասին, և այն մասին, թե ինչպես լավագույնս կատարել նրա գործերը։ Իր գաղափարները Շվայցերը հաստատում էր անձնական օրինակով, ինչը վկայում են մեզ հասած Բախի երգեհոնային գործերի նրա ձայնագրությունները։
Եվ այսպես, մինչ Շվայցերը տարածում էր Բախի աստվածաշունչ երաժշտության լույսը, Եվրոպայի երկնակամարում կուտակվում էին պատերազմի սև-մութ ամպերը։
Նրա զգայուն սիրտն ալեկոծվում էր հակադիր զգացմունքներով։ Մի կողմից` բիրտ իրականության անկատարությունը, քաոսը, մյուս կողմից` երաժշտության երկնային կատարելությունը, հարմոնիան, ներդաշնակություն, որ այդքան պակասում է մեր կյանքում։ Չէ՞ որ երգեհոն նվագարանն իր կառուցվածքով, կարգավորությամբ ընկալվում է որպես մի հնչյունային տիեզերք, մի միկրոկոսմոս, որն արտացոլում է մակրոկոսմոսն իր աստվածային ներդաշնակությամբ ու գեղեցկությամբ։ Մինչդեռ ժամանակի մշակութային անկումը շարունակվում էր։ Եվ ո՞րն էր ելքը։ Նման իրավիճակ էր ոչ հեռու անցյալում, երբ Ֆրիդրիխ Նիցշեն կոչ էր անում. «Փախի՛ր, իմ բարեկամ, քո մենության մեջ։ Ես տեսնում եմ` դու խլացած ես մեծ մարդկանց աղմուկից ու խոցված փոքրերի խայթով։ Անտառն ու ժայռերը քեզ հետ մեկտեղ կարող են արժանապատվորեն պահպանել լռությունը»:
Իսկ հնդիկ հին իմաստունները հորդորում էին 50 տարեկանը բոլորելուն պես հեռանալ անտառ։ Սակայն Ռաբինդրանաթ Թագորը խրատում է մեկուսանալ անտառում, քանի դեռ երիտասարդ ես։ Եվ Շվայցերը մեկուսացավ` 37 տարեկանը հազիվ բոլորած։ Նա, ասես, անսաց ավետարանական այն կոչին, թե բժիշկը պիտի լինի այնտեղ, ուր հիվանդներն են։ Եվ 1912 թվականին բժիշկը մեկնեց Աֆրիկա` Գաբոն, և իր միջոցներով Լամբարենե գյուղում հիմնեց մի հիվանդանոց։ Եվ հետագա իր կյանքը նա նվիրեց գաղութարարների լծից տուժած աղքատների, հիվանդների կարիքները հոգալու գործին։ Այս քայլը զարմանք պատճառեց շատերին։ Ոմանք այն որակեցին որպես «խելագարություն»։ Մինչդեռ այն սխրանք էր։
Հիրավի, Շվայցերը հրաժարվեց եվրոպական փառքից, փայլուն հեռանկարից։ Եվ եվրոպական երգեհոնների ախորժալուր հնչյունները, շքեղ բեմերի լուսարձակները թողած, գնաց լսելու բորոտ աֆրիկացիների, հաշմանդամների հառաչանքները, որոնց նա վիրահատում էր, բուժում մոմի, նավթի լամպի լույսի տակ։ Մեծ մարդասերը գործով հաստատեց իր խոսքը. «Ես չեմ ուզում ուրիշներից լավ ապրել»։
Շվայցերը երբեմն մեկնում էր Եվրոպա, համերգներով և դասախոսություններով դրամ վաստակում, հայթայթում դեղորայքի և այլ պիտույքների պաշար ու կրկին վերադառնում Աֆրիկա։ Նրա բարեկամները կատակում էին. «Շվայցերը Աֆրիկայում ծերացած նեգրերին է բուժում, իսկ Եվրոպայում` «ծերացած երգեհոնները»։ «Ջունգլիների բժիշկ», «աֆրիկյան բարի սամարացի» էին անվանում նրան։ Շվայցերը չէր կարող հաշտվել պատմության պարադոքսի հետ` որքան առաջադիմում են գիտությունը, տեխնիկան, նյութականը, այնքան ավելանում են մարդկության տառապանքները, այնքան վտանգվում է մարդու կյանքը, այնքան նահանջում են հոգևորը, բարոյականը։ Այս մտահոգությունները հետագայում կյանքի կոչեցին Շվայցերի «Մշակույթի անկումը և վերածնունդը», «Մշակույթ և էթիկա» և այլ աշխատություններ։
Վերլուծելով փիլիսոփայի ուսմունքը, Շվայցերին նվիրված մենագրության հեղինակ Պաուլ Ֆրայերը գրում է. «Շվայցերն իր աշխատությունը ստեղծում էր մարդկության կողմից երբևէ վերապրած մեծագույն աղետի անմիջական ազդեցությամբ»: Ֆրայերը նկատի ուներ 1914 թ. բռնկված Համաշխարհային պատերազմը։ Եվ Շվայցերը փորձում էր բացահայտել դրա պատճառները. «Աշխատելիս ես ինձ համար պարզեցի մշակույթի և աշխարհայացքի կապը։ Հասկացա, որ մշակույթի աղետը հետևանք է աշխարհայացքի աղետի»։ Ըստ փիլիսոփայի, պատերազմը մշակույթի անկման հետևանք է։ Մշակույթ ասելով Շվայցերը նկատի ուներ հոգևոր և նյութական առաջընթացը բոլոր բնագավառներում։
«Մշակույթի գլխավոր խնդիրը բարոյական կատարելագործումն է թե՛ անհատի, թե՛ հասարակության» (անդ)։ Շվայցերի կարծիքով, իսկական մշակույթի իդեալները խամրեցին, քանզի մարդկությունը հետզհետե կորցրեց իդեալիստական աշխարհայացքը։ Եվ այս քաոսից ձերբազատվելու համար «հարկ է կրկին ձեռք բերել մի աշխարհայացք, որն իր արմատներով խորանում է մշակույթի մեջ, և կրկին ենթարկվել այդ աշխարհայացքում պարունակվող իսկական մշակույթի իդեալներին» (անդ)։ Անհրաժեշտ է, որ գիտության և տեխնիկայի զարգացումը, նյութական առաջադիմությունը զուգակցվեն հոգևոր և բարոյական վերելքի հետ։ Այլ կերպ պատերազմները չեն դադարի։
Այս գաղափարները, կոչերը Շվայցերը հնչեցնում է նաև 2-րդ աշխարհամարտի օրերին, շարունակում պայքարը հանուն խաղաղության։ Դիպուկ է ասված, թե մինչ Եվրոպայում մոլեգնում էր պատերազմը, որի ընթացքում զոհվում էին միլիոնավոր մարդիկ, Շվայցերն աֆրիկյան ջունգլիներում ջանում էր մեկ մարդու կյանք փրկել։ Հենց Աֆրիկայում էր, որ փիլիսոփան գտավ տարիներ շարունակ իրեն հուզող հարցի պատասխանը։
1915 թվականն էր։ Աշնան մի օր փոքրիկ մի նավով բժիշկը շտապում էր օգնության հասնելու ծանր հիվանդին։ Նավարկության երրորդ օրը մի խումբ գետաձիեր խոչընդոտեցին ընթացքը։ Եվ ստիպված եղան «հաշվի նստել» այդ գետաձիերի հետ, որից հետո միայն կարողացան շարունակել ճանապարհը։ Այդ միջոցին Շվայցերի ուղեղում հանկարծակի ծագեց հետևյալ միտքը. «Պատկառանք կյանքի նկատմամբ»։
Եվ հոգևոր նորոգման այդ հիմնարար սկզբունքը նա ձևակերպեց հետևյալ կերպ. «Ես մի կյանք եմ, որը ցանկանում է ապրել այլոց կյանքերի խորքում, որոնք ուզում են ապրել» (անդ, էջ 98)։ Այսինքն` ապրել, ընդունելով, հարգելով ուրիշի ապրելու իրավունքն ու կամքը, ուրիշի կյանքը համարելով քո կյանքի մասը։ Այդպես էլ նա ապրեց։ Այդպես էլ Շվայցերն ապրում էր, ու ապրում է մեզանում` իր պայծառ օրինակով, փիլիսոփայական ժառանգությամբ և Բախի անմահ երաժշտության իր երգեհոնային ձայնագրություններով։ Երգեհոն, որի տիեզերահունչ ձայնն ի զորու չեղան խլացնելու Հիրոսիմայի, Նագասակիի ատոմային ռումբերը։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ